Նախատեսում եմ հարձակվողական ոճ կիրառել. Արթուր Աբրահամ
Ընդամենը մեկ շաբաթ է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու լեհ Պյոտր Վիլշևսկիի հետ մրցամարտին: Արթուր Աբրահամն իր մամուլի քարտուղարության միջոցով ArmSport.am-ին տեղեկացրել է, որ նախապատրաստական փուլն ընթանում է ըստ ծրագրվածի:
«Երկուսուկես ամիս է` լրջորեն նախապատրաստվում եմ գալիք մենամարտին, որից առաջ սա մարզումներիս վերջին շաբաթն է: Արդեն 5-րդ շաբաթն է` մարզվում եմ Բեռլինից 100կմ հեռավարության վրա գտնվող մարզաառողջարանային Քինբաում քաղաքում: Ուկրաինայից, ՌԴ-ից մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ են հրավիրվել Գերմանիա` սպարինգներ անցկացնելու:
Շաբաթական 4 սպարինգ-մենամարտ եմ անցկացնում, դրանից բացի` ամենօրյա տեւական մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը և ավելացրել. «Մարզումներիս մեջ մտնում են նաեւ 3 րոպե կիսամերկ մնալը -115 աստիճան ըստ ֆարենհեյթի ցրտի պայմաններում` մկանները թուլացնող եւ իմունիտետը բարձրացնող` մարզիկների համար նախատեսված սառնարանում, ամենօրյա մերսումները»:
Հայ բռնցքամարտիկը նաև ասել է, որ իր մարզիչը` Ուլի Վեգները, գոհ է իր մարզավիճակից:
«Ազատ ժամանակ ես եւ նա դիտում ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները, որպեսզի նրա սխալներն օգտագործենք` մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս: Նախատեսում եմ` հարձակվողական ոճ կիրառել: Նպատակս հայտնի է` հաղթել Վիլշեւսկուն",- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում, Աբրահամի մրցակցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին:









