Կոալիցիան այնքան վատ բաներ է արել, որ միակ հույսը ժողովրդի հավատն է. Արծվիկ Մինասյան

12:11 • 23.03.12

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը զարմանալի չի համարում այն, որ կոալիցիոն ուժեր կազմող երեք կուսակցությունները տարբեր ձևաչափերով իրենց կարգախոսի մեջ օգտագործում ենք «հավատալ» բառը:

«Իրենք էլ են հասկանում, որ այս տարիների ընթացքում այնքան վատ բաներ են արել, որ միակ հույսը ժողովրդի հավատն է: Հավատը փորձում են դարձնել քաղաքական կատեգորիա: Մեր կարգախոսը՝ արդարություն, ազատություն, դաշնակցություն»,- այսօր մամուլի ասուլիսին Արծվիկ Մինասյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի հինգերորդ տեղում է։

Հիշեցնենք, որ կոալիցիոն երեք կուսակցությունների նախընտրական կարգախոսներն են «Հավատանք, որ փոխենք» (Հայաստանի հանրապետական կուսակցություն), «Հավատա՛, վստահի՛ր պահանջի՛ր» («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) և «Հավատանք, որ կառուցենք Օրինաց երկիր» («Օրինաց երկիր» կուսակցություն).

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ընտրարշավը սկսելուն պես իրենք կներկայացնեն, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում: Նրանք կանդրադառնան տարբեր հարցերի՝ սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն:

Այս պահին ՀՅԴ-ն, ըստ Արծվիկ Մինասյանի, ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ:
«Ես չէի ուզենա այնպիսի ընտրություն լինի, որ բերի փողոցային պայքարի: Ես կուզենամ, որ հենց առաջին օրը մենք բոլորս իրար շնորհավորենք»,– ասաց նա:

«Ընտրություններից առաջ պետք է բարձրացնել հատկապես երիտասարդների մասնակցության թիվը: Ցավոք նրանցից շատերն այսօր դարձել են անտարբեր, և նյութապաշտությունն է տեղ գտել: Մեր գլխավոր խնդիրն է ցույց տալ աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը, մարդը պետք է ամբողջապես իրացվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։