Արծվիկ Մինասյանը կոչ է անում քարոզարշավի ընթացքում զերծ մնալ վիրավորանքներից

14:42 • 23.03.12

Թեև Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արդեն ականատես է եղել օրենքով սահմանված ժամկետից շուտ իրականացվող քարոզչության և փոխադարձ վիրավորանքների, սակայն այսօր կայացած ասուլիսին նա հույս հայտնեց, որ դա չի շարունակվի ամբողջ ընտրարշավի ընթացքում:

«Հուսանք, որ մեծ տեղ չեն գտնի վիրավորանքները, և ազնիվ պայքար կծավալվի: Ամեն քաղաքական ուժ փորձելու է իր կշիռը բարձրացնել: Ցանկալի կլներ, որ բոլոր կուսակցությունները հայտարարեին, որ զերծ կմնան անձի արժանապատվությունը նսեմացնելուց»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ-ին՝ նա նշեց, որ հայ ընտրողն իրենց ընտրելու համար ունի մոտ 100 պատճառ և չընտրելու՝ ընդամենը մի քանի:

«Ընտրելու պատճառներից են մեր կուսակցության պատմությունը: Մենք միշտ հայրենիքի ակունքներին ենք կանգնած եղել: Շատ բաներ չի հաջողվել «Դաշնակցությանը» օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բայց այդ շատ ասվածը հարաբերական է այս պարագայում: Իսկ չընտրելու համար պատճառ կարող է լինել այն, որ ՀՅԴ-ն աշխարհաքաղաքացու ընկալում չունի, քանի որ մենք կարծում ենք, որ դա ճիշտ չէ ազգի պահպանման տեսանկյունից»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև ՀՅԴ համամասնական ցուցակին և նշեց, որ այն կազմելիս առաջնորդվել են բոլոր ոլորտներում մասնագետ ունենալու անհրաժեշտությունից:

«Մենք ձգտում ենք ձևավորել իշխանությունը: Կամ առանց մեր պնդման որևէ որոշում չկայացվի։ Այնքան ուժ ունենք, որ չկարողանան մեզ շրջանցել»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է ստեղծել այնպիսի խորհրդարան, որտեղ յուրաքանչյուր պատգամավորի խոսքը կշիռ կունենա: