Երևանում իրար են բախվել «Միցուբիշի Շառլոտ»-ը և «ՎԱԶ 2102»-ը, կա վիրավոր (լուսանկարներ)

16:05 • 23.03.12

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրար են բախվել 32-ամյա Ռուդիկ Հովեյանի վարած «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշի և 41-ամյա Հրաչյա Մելքոնյանի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի 15 ՍԼ 310 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված մեկ այլ ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:

Նշված հատվածում խցանում է առաջացել. այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները կարողանում են մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի