«Հայկական ուժ»-ի անդամները մեքենայությունների գործով մեղավոր են ճանաչվել
Կալիֆորնիայի դատարանը մեղավոր է ճանաչել «Հայկական ուժ» (Armenian Power) բանդայի անդամին ու նրա երեք մեղսակիցներին, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում են բանկային մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչված հայերի անունները` Արման Շարոպետրոսյան, Կարեն Մարկոսյան, Արտուշ Մարգարյան, Քրիստինե Օհանջանյան: Դատավճիռները կայացվել են մարտի 16-21-ը:
Նրանց պատժաչափը պարզ կդառնա օգոստոսի 6-ին: Մի քանի հոդվածներով` նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Քննության համաձայն` «Հայկական ուժ»-ի անդամ Շարոպետրոսյանը ևս մեկ ամբաստանյալի` Անգուս Բրաունի հետ բանտից ղեկավարել է հանցագործների գործողությունները (ապօրինի ճանապարհով բանտ ներթափանցած բջջայինների միջոցով):
Հանցագործները, ճշտելով «զոհերի» տվյալները, տարբեր մեքենայությունների միջոցով նրանց բանկային հաշվեհամարներից հափշտակել են խոշոր գումարներ: Վեց տարվա ընթացքում հանցագործներն «աշխատել» են ավելի քան 10 մլն դոլար գումար:
«Հայկական ուժ»-ի դեմ օպերացիան ամերիկացի իրավապահները սկսել են 2011 թվականի փետրվարից: Ձերբակալվել են մի քանի տասնյակ անդամներ: Բանդան հիմնել են Խորհրդային միությունից եկածները, 1980-ական թվականներին, Լոս Անջելեսում:









