Ղազախստանի հիմնը շփոթել են «Բորատի» երաժշտության հետ (տեսանյութ)

11:17 • 23.03.12

Քուվեյթում հրաձգության աշխարհի առաջնության ժամանակ կազմակերպիչները Ղազախստանի հիմնը շփոթել են Բորատի մասին ֆիլմում հնչած երաժշտության հետ:

Դատելով արդեն ինտերնետում հայտնված տեսահոլովակից, որտեղ «երգվում է ղազախ մարմնավաճառների մասին», երաժշտությունը միացվել է ղազախստանցի մարզիկին ողջունելու ժամանակ: 

Ուշագրավ է, որ Բորատի մասին կինոնկարն արգելված է Քուվեյթում: 

2006 թ.-ին էկրան բարձրացված կատակերգական «Բորատ» ֆիլմը, որի հերոսը ներկայանում է ղազախ լրագրողի կերպարով սկզբում բացասական արձագանք էին գտել Ղազախստանի իշխանության կողմից, այնուհետ նրանք խոստովանել են, որ այն լավ գովազդ է երկրի համար:

Ֆիլմից հետո 5 անգամ աճել է Ղազախստան այցելող զբոսաշրջիկների քանակը, գրում է lenta.ru-ն: