ԱՄՆ դեսպանը ողջունում է ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ հայտարարությունները
ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել համաժողով ազատ և արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը, Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ և մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախևառաջ կանխարգելիչ միջոցառումներն են և այս կոնֆերանսը կարևորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և պատժամիջոցների մասին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում` հետևողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»,– ասել է նա:
Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձևավորվել է ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման դրական փորձ՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաև իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումները:
Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ է արել հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը։ «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ և նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ: Կարևորն իրականացումն է և այստեղ իրավապահ մարմինները շատ կարևոր դերակատարում ունեն»,– ասել է նա:
Դեսպան Հեֆերնը նաև շեշտադրել է ընտրությունների դիտարկման հարցերում քաղաքացիական հասարակության ջանքերի կարևորությունը և կոչ արել տեղական կազմակերպություններին աշխատել միասին` ապահովելու իշխանությունների հաշվետվողականությունը:
Համաժողովի ընթացքում նաև անցկացվել են քննարկումներ իրավապահ կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը նաև նշել է, որ դեսպանատունը աջակցում է այս համաժողովի անցկացմանը, քանի որ այս միջոցառումն իրազեկում է հասարակությանը իրավապահ մարմինների պարտավորությունների մասին ըստ նոր ընտրական օրենսգրքի և քանի որ սա բաց և թափանցիկ երկխոսության հնարավորություն էր քաղաքացիական հասարակության ու իրավապահ կառույցների ներկայացուցիչների համար: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ոչ միայն պատշաճ գրանցումն ու քննարկումը, այլ նաև այդ գործընթացի հրապարակայնությունը և վստահեցրեց, որ հանրությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ ոչ միայն ահազանգերի բովանդակության, այլ նաև դրանք ստուգելու ընթացքի, արդյունքների և տրված իրավական գնահատականի մասին:









