«Երկրի ժամն» այս տարի կլինի մարտի 31-ին. կմասնակցի նաև Լիբիան (տեսանյութ)

18:04 • 23.03.12

Մարտի 31-ին` երեկոյան ժամը 20:30-21:30-ին, աշխարհը հերթական անգամ կնշի «Երկրի ժամը»: 2008թ.-ից ի վեր ամեն տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը երկրագնդի բնակչությունն անջատում է ոչ կենսական նշանակության էլեկտրական սարքերը` նշելու «Երկրի ժամ»-ը:

Ըստ ՄԱԿ-ի` լույսերի մեկ ժամով անջատումը բերում է դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: Ակցիային մասնակցում է նաև Հայաստանը:

Այս տարի «Երկրի ժամն» առաջինը կանցկացվի նաև Լիբիայում, հաղորդում է ակցիայի կայքը:

«Ես ցանկանում էի դեռ անցյալ տարի մասնակցել ակցիային, սակայն դա անհնար էր, քանի որ իմ քաղաքը պատերազմի մեջ էր գտնվում», - հաղորդագրության մեջ մեջբերված է Տրիպոլիում ակցիայի կազմակերպիչ 19-ամյա Մոհամադ Նաթահի խոսքերը: