Է.Նալբանդյանը և Անրի Ռենոն հանդիպել են երեւանյան ԲՈՒՀ–երի ֆրանսախոս ուսանողների հետ
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը հայաստանյան ԲՈւՀ-երի ֆրանսախոս ուսանողների հետ:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ շնորհավորելով ներկաներին հոբելյանի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա, իսկ վերջին քսան տարիների համատեղ ջանքերով մեզ հաջողվեց նոր դինամիկա հաղորդել փոխհարաբերություններին՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, կայացել են բազմաթիվ փոխայցելություններ նախագահների մակարդակով»,– ասել է Նալբանդյանը։
Արտգործնախարարը նաև նշել է, որ ձևավորվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ՝ շուրջ 30 համաձայնագիր է ստորագրվել, սերտ կապեր են հաստատվել խորհրդարանների միջեւ, ընթանում է ընդլայնված ապակենտրոնացված համագործակցություն՝ գործընկերային պայամնագրեր են կնքվել շուրջ երեսուն մարզերի եւ քաղաքների միջեւ, աճում են տնտեսական փոխգործակցության ծավալները։
«Հայաստանում 155 ֆրանսիական ընկերություն է գործում, Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական ներդրումներն իրենց ծավալով երկրորդն են, ֆրանսիական կրթական հաստատությունները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Հայաստանի կրթական համակարգում, որի վառ եւ հաջողված օրինակն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, մշակութային կապերը աննախդեպ թափ ստացան 2006-2007 թթ.՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմամբ, որի շրջանակներում ֆրանսիական շուրջ հարյուր քաղաքներում կազմակերպվեցին 1000 ավելի միջոցառումներ»– նշել Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել էց, որ հայ ֆրանսիական ջերմ հարաբերությունները որքան զգայական են, նույքան էլ ողջամիտ, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից է, որը առանձնակի եւ ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հասարակության մեջ:
Հանդիպման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պատասխանել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ ուսանողների բազմաթիվ հարցերին:
Արձագանքելով հարցերից մեկին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ֆրանսիան այն երկիրն է, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարեւորագույն դերակատարություն ունեցել եւ ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։ Ֆրանսիան այն երկիրն է, որն ապաստան տվեց եւ երկրորդ Հայրենիք դարձավ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մեր հազարավոր հայրենակիցների համար, Ֆրանսիան այն երկիրն է, որն առաջինն օրենքի ուժով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, Ֆրանսիան այն երկիրն է, որի ժողովրդը հավատացած է, որ մարդկության դեմ հանցագործությունների հերքումը պետք է պատժվի եւ այս ամենի համար ես ցանկանում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել»:









