Բաքու հայ պատգամավորները կմեկնեն անկախ անվտանգության երաշխիքներից
Հայկական պատվիրակությունը որոշել է մասնակցել ապրիլի 1-ին Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմն իրենց անվտանգության երաշխիքներ չի տվել։
«Մենք որոշեցինք, որ պատվիրակության բոլոր՝ տասը անդամներով մեկնենք Բաքու և մասնակցենք «Եվրանեսթի» նիստին»,– Tert.am–ին հայտնեց ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցությաւն» խմբակցության պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Հովհանես Սահակյանը։
Հարցին, թե արդյոք Բաքվից անվտանգության երաշխիքներ տրամադրվել են հայկական պատվիրակությանը, Սահակյանն արձագանքեց, որ որևէ երաշխիք, բնականաբար, չի տրվել, սակայն իրենք կարծում են, որ մասնակցությունն անհրաժեշտ է։
««Եվրանեսթը» հակամարտություններին վերաբերող հարցերով չի զբաղվում, բայց այնտեղ հիմնականում քննարկվում են այնպիսի բանաձևեր, որ մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում. օրինակ՝ քաղաքացիական հասարակությանը վերաբերող հարցեր»,– նշեց ՀՀԿ–ական պատգամավորը։
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ հայկական պատվիրակությունը կարևոր է համարել նիստի մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանին վերաբերող յուրաքանչյուր հարցի քննարկմանը կարծիք հայտնել և որևէ հայտարարություն անպատասխան չթողնել։









