Արտակարգ իրավիճակի մասին օրենքը հակասահմանադրական է. Գագիկ Ջհանգիրյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն կարծում է, որ Ազգային ժողողովում օրեր առաջ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական է:
«Եթե որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությունը և ոչ թե օրենքը: Իրենք չեն կարող վերացնել արտակարգ դրության ժամանակ ռազմական ուժերի մասնակցության հակասահմանադրությունը»,- ասաց նա։
Գագիկ Ջհանգիրյանը նաև հույս հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը կօգտվի վետոյի իր իրավունքից և նախագիծը օրենք չի դառնա:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ նախագիծը վավերացվեց անմիջապես ընտրություններից առաջ, որպեսզի ցույց տան ժողովրդին, որ իրենք ոչ մի բանի առջև չեն կանգնի:
«Սա մի յուրատեսակ հաղորդագրություն է ժողովրդին. ուզում են ասել, «տեսե՛ք, մենք արդեն օրենք ունենք» և կոպիտ ասած՝ «ձեզ խելո՛ք պահեք»»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը մատնանշեց, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք իրենց իսկ ժողովրդի դեմ ռազմական ուժերն են կիրառում:
«Տեսե՛ք, թե ինչ եղավ Եգիպտոսի, Լիբիայի, հիմա էլ Սիրիայի հետ: Նման դեպքերում ռազմական ուժերի մի մասն անցնում է ընդդիմության կողմը, մյուսը մնում է՝ իշխանության, ինչը վտանգավոր է և քաղաքացիական պատերազմ է առաջ բերում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ, ըստ օրենքի, ռազմական ուժերը երկրի սահմանները պաշտպանելու համար են:









