«Թույլ մի տվեք, որ նրանց ձայները մոռացվեն» USC-ի միջոցառումը` նվիրված Ցեղասպանության վկայություններին

11:59 • 23.03.12

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը որոշել է ապրիլի 15-ին կայանալիք տարեկան միջացոռման հիմնական կարգախոսը`  «Թույլ մի տվեք, որ նրանց ձայները մոռացվեն». տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը:

Միջոցառման ընթացքում մեծարվելու է աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից հիմնված «Շոա» հիմնադրամը, որը պատրաստակամություն է հայտնել թվայնացնելու Հայոց ցեղասպանության վկայությունները: Հիմնադրամը ստեղծվել է 1994 թ.-ին, հրեական ցեղասպանությունը վերապրած հրեաները վկայությունները պահպանելու նպատակով:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը ղեկավար խորհուրդը որոշել է հավաքել Ցեղասպանությունը վերապրողների ականատեսների վկայությունները և «Շոա» հիմնադրամի աջակցությամբ թվայնացնել դրանք, ինչը զգալիորեն կհեշտացնի դրանց ուսումնասիրությունը: Նախ պետք է թվայնացվեն Մայքլ Հակոբյանի հավաքած` 400 ականատեսների վկայությունները:

Հակոբյանի հավաքածուի մեջ կան Ադափազարըի, Էսքիշեհիրի, Խարբերդի, Կոնիայի, Սըվասի, Ուրֆայի, Այնթապի, Մարաշի, Մալաթիայի, Տիգրանակերտի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Իզմիրի, Երզնկայի, Մուսա լեռան, Քեսաբի, Շապին Գարահիսարի, Սեբաստիայի, Յոզքաթի, Էվերենքի, Հաճընի, Զեյթունի ջարդերի ականատեսների վկայությունները:

Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի` ապրիլի 15-ին կազմակերպելիք միջոցառման ընթացքում մեծարվելու են նաև Արմին Վեգները և Մայքլ Հակոբյանը:

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ու ականատեսների վկայությունները տեսաերիզների վրա ձայնագրած Մայքլ Հայոբյանն իր հարցազրույցների շարքն սկսել էր հենց 1966-ին` Վեգների հետ կատարած հարցազրույցով: