Գերմանիայի նոր նախագահը երդվել է «արդարությունը դասել ամենից վեր»

15:23 • 23.03.12

Գերմանիայում այսօր տեղի է ունեցել նոր նախագահ Յոախիմ Գաուկի երդմնակալության արարողությունը, հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:

«Խոստանում եմ իմ ուժերը ներդնել ի նպաստ գերմանական ժողովրդի ու հեռու պահել նրան բոլոր դժբախտություններից: Խոստանում եմ հետևել ու պաշտպանել Դաշնության Սահմանադրությունն ու օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականություններն ու արդարադատությունը դասել ամենից վեր: Թող Աստված ինձ օգնի», - ասել է Գաուկը:

Նախկին իրավապաշտպան ու աստվածաբանը նախագահ է ընտրվել նախորդ շաբաթ: Նրա թեկնածության օգտին քվեարկել են Դաշնային ժողովի 991 պատվիրակներ:

Նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Քրիստիան Վուլֆի հրաժարականից հետո (փետրվարի 17-ին), ով մեղադրվում էր ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: