ՕԵԿ-ին հավատում են, ժառանգությունն էլ ապացուցեց՝ ինչպես պետք է լինի ընդդիմությունը

13:24 • 23.03.12

«Օրինաց երկիր» կուսակցության նկատմամբ հավատի կորուստ չկա, այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Քսանամյա պատմություն ունեցող երկրում մեր կուսակցությունն ունի 15 տարվա պատմություն: Դա արդեն շատ բանի մասին է խոսում»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և մեկնարկելիք քարոզարշավին՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է գրագետ քարոզարշավի և հույս ունի կրկնապատկել իր ներկայությունն Ազգային ժողովում:

Հեղինե Բիշարյանը խոսեց նաև խորհրդարանում ՕԵԿ-ի կատարած աշխատանքի մասին և շեշտեց, որ իրենք շուրջ 50 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ են, որոնցից որոշները դեռ չեն ընդունվել և որոնք իրենք էլ պետք է կյանքի կոչեն:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ չորրորդ գումարման խորհրդարանում կայացավ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, հանձինս «Ժառանգություն» կուսակցության:

««Ժառանգությունն» Ազգային ժողով բերեց ինստիտուցիոնալ ընդդիմության պատկերը: Կուսակցությունն ընդդիմության համար բարձր նշաձող սահմանեց, քանի որ եկող բոլոր ընդդիմությունները պետք է փորձեն կատարել այն աշխատանքի ծավալը, որն այս ընթացքում կատարեց մեր խմբակցությունը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը փոխեն իրենց գործելաոճը, քանի որ, ըստ պատգամավորի, առանց փոփոխությունների ժողովրդի մեջ հավատ ձևավորել հնարավոր չէ:

Անդրադառնալով այն ռազմավարությանը, որ «Ժառանգություն»-ը որդեգրելու է առաջիկայում՝ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունը չի պայքարելու «դեմ» կարգախոսով, այլ պատրաստվում է աշխատել հանուն ավելի լավ Հայաստանի: