Եզրակացությունները դուք արեք. Քաղաքական տեխնոլոգը Հմայակ Հովհաննիսյանի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ավելի շատ քաղաքական դեմքեր ներառելով՝ փորձ է արվում քաղաքականացնել մի կուսակցություն, որը վերջին տարիներին երևի քաղաքական չէր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակների միջև հիմնական տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ում ներառված գործիչները չեն դարձել Հանրապետական կուսակցության անդամ, իսկ ԲՀԿ-ում ներառվածներից շատերը` Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Թամարա Պողոսյանը և այլոք դարձել են ԲՀԿ-ական, այսինքն` հերթական անգամ փոխել են իրենց քաղաքական վեկտորը:
«Հմայակ Հովհաննիսյանը 15 տարի առաջ դաշնակ էր, հետո 1999թ.-ին գնաց ընտրությունների «Միասնություն» դաշինքով, 2003-ին` «Ազգային Միաբանությունով», 2007-ին` «Դաշինք կուսակցությունով», հիմա` «Բարգավաճ Հայաստանով»։ Եզրակացությունները դուք արեք»- ասաց նա:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքերով` ԲՀԿ-ի առաջնային ռեսուրսը կուսակցության լիդերն է և տվյալ կուսակցության գործունեությունը կապված է լիդերի հետ:
«Այս կուսակցությունը ուներ խնդիր` տպավորություն ստեղծելու, որ կուսակցությունը ոչ թե լիդերի կուսակցություն է, այլ համապատասխանում է կուսակցության ավելի դասական սահմանմանը և նրա գործունեությունը կապված չի մեկ մարդու հետ»,-ասաց Մարկարովը:
Վերջինիս խոսքերով, սակայն, շատերը, քվեարկելով ԲՀԿ-ի օգտին, ըստ էության ընտրում են կուսակցության լիդերին և Գագիկ Ծառուկյանն այս դեպքում «լոկոմոտիվն» է:









