ՀՀԿ ցուցակը հիասթափեցնող է. Կարեն Քոչարյան
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր ցուցակով շատերին է հիասթափեցրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ցուցակի հիմնական խնդիրը սկսվում է ցուցակի 15-րդ տեղից հետո: «Այն հայտարարությունները, որ պետք է խորհրդարանը երիտասարդացնել, օլիգարխներ պետք է չլինեն, պետք է նմուշի համար գոնե տառաճանաչ մարդիկ լինեն, չեմ կարծում, որ այս ցուցակը նայելով արդարացվում են: Այն սպասումները, որ իշխանությունները ձևավորում էին 2-3 տարի շարունակ, փաստորեն չեն իրականանում»,-ասաց նա` միաժամանակ հավելելով, որ ինքը չի բացառում ցուցակում նաև սպասված դեմքերի առկայությունը:
Փորձագետի խոսքերով` ՀՀԿ-ն այլ ուժերի քաղաքական դեմքերի իր շարքերում ներգրավելով՝ ոչինչ չի շահում, ավելի շատ կորցնում է: «Բոլորն էլ նշում են, որ եթե Խոսրով Հարությունյանը կարող է օրինաստեղծ գործունեությամբ զբաղվել, ապա մնացածները պարզապես կոչված են դիմագրավելու ՀԱԿ-ին»,-ասաց նա:
Կարեն Քոչարյանի խոսքերով` դա նսեմացնում է ՀՀԿ-ին, քանի որ ստացվում է` հանրապետականում չկային դեմքեր` Կոնգրեսին դիմագրավելու համար`«դրա համար էլ բերում են մաշված դեմքերի»:
Քաղագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքերով էլ` ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է առավելագույն ձայներ ստանալ և ցուցակների ստեղծման հիմքում էլ հենց այդ տրամաբանությունն է ընկած: « ՀՀԿ-ի դեպքում մի կողմից կուսակցական հին գվարդիան է, որն իրեն արդարացրել է և տվյալ կուսակցության կորիզն է հանդիսանում, և դրա հետ միասին կա այն տրամաբանությունը, որ կուսակցությունը պետք է արտացոլի ոչ միայն իր անդամների հայացքները, այլ նաև հանդես է գալիս որպես որոշակի կոնսոլիդացված ուժ»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ այդ դեմքերի ներգրավումը ցուցակում տրամաբանական էր:









