Սարի Թաղում ակտիվացած սողանքի գոտում կանխարգելիչ որևէ աշխատանք դեռ չի կատարվել
Երեկ երեկոյան Սարի Թաղում ակտիվացած սողանքի գոտում Արտակարգ իրվաիճակների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը դեռ որևէ աշխատանքներ չեն իրականացրել:
Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան խոշոր քարի զանգվածներ: Պոկվելու և ընկնելու դեպքում դրանք կարող են վնասել տան կառուցվածքային տարրերը:
Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Երևանի քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման և քարաթափման սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին պատրաստվում են քաղաքապետարանին ներգրավել, որպեսզի նրանք այնտեղ իրականացնեն աշխատանքներ:
Հարցին, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացնեն, Հովհաննես Եմիշյանը պատասխանեց, որ սողանքավտանգ գոտում անհրաժեշտ է կատարել կայունացման և լանջի ամրացման աշխատանքներ: Իսկ բնակելի տների փլուզման հավանակնությունը նա գնահատեց բարձր, ուստի որպես առաջնային քայլ պետք է կատարել տեղի բնակչների տարհանումը, սակայն Հովհաննես Եմիշյանի խոսքով դա չի կատարվել, քանի որ բնակիչները հրաժարվում են տարհանվել, որովհետև չկան ժամանակավոր կացարաններ կամ բնակարաններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը սողանքի վերբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում և առաջարկեց դիմել ԱԻՆ: Երբ նշեցինք, որ ԱԻՆ-ը պատրաստվում է դիմել քաղաքապետարանին, նա նշեց. «Երբ որ դիմեն, կպատասխանենք»:
Նշենք, որ սակայն երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն քաղաքապետարանը տեղյակ է պահվել այս խնդրի մասին, ինչը փաստեց նաև Հովհաննես Եմիշյանը, երբ կրկին Tert.am-ը զրուցեց նրա հետ:
«Դիմումը եղել է բանավոր, տեղեկացվել է բնակշին վարչությունը, այնպես որ իրենք տեղյակ ենք, բայց այսօր էլ գրավոր ենք դիմելու»,- ասաց վարչության պետը` երբ նշեցինք, որ քաղաքապետարանը սպասում է իրենց դիմումին:
Եմիշյանը նշեց, որ որ բնակիչներին ժամանակավոր կացարաններով կամ բնակարաններով պետք է ապահովեր քաղաքապետարանը և որ այդ հարցը նախկինում էլ է բարձրացվել. «Հարցը նոր չէ և նախկինում էլ է բարձրացվել: Ժամանակին քաղաքաշինության նախարարությունն առաջարկել էր, որ այդ տարածքից բնակարանները հանվեն»,- ասաց Եմիշյանը:









