Մալիում հուզումները շարունակվում են
Մալիում ապստամբության հետևանքով զոհվել է 3, վնասվածք ստացել մոտ 40 մարդ, ասված է ոչ կառավարական կազմակերպությունների` Մալիի հարևան Սենեգալում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, Մալիում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ երկրի սահմանները դեռ փակ են: Զինվորականները դժգոհ են երկրի ղեկավարությունից, որն իրենց պնդմամբ՝ չի կարողանում ճնշել Մալիի հյուսիսում բնակող տուարեգների ըմբոստությունը։ Չնայած պարետային ժամին, զինվորականները շարունակում են կողոպուտ ու ավերածություններ գործել:
Իշխանությունից հեռացված նախագահ Ամադու Թումանի Տուրեի կողմնակիցները լրատվամիջոցներին հայտնել են, որ «երկրի նախագահը ողջ ու առողջ է:
«Նախագահի հետ է գտնվում նաև նրա հավատարիմ նախագահական գվարդիան», - ասել են կողմնակիցները:
Տարածվել է նաև հաղորդագրություն, որտեղ հերքվում են լուրերն այն մասին, թե երկրի նախագահը թաքնվել է դեսպանատներից մեկում կամ «մեկնել է հարևան երկրներից մեկը»:
Լուրեր են շրջանառվում նաև, որ տուարեգները պատրաստվում են Բամակոյից հետո հարձակվել երկրի հյուսիսում տեղակայված կառավարական զորքի վրա:
Լիբիայում Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո Մալի գաղթած տուարեգները մինչև վերջերս չէին համարձակվում մոտենալ երկրի հյուսիսում գտնվող խոշոր քաղաքներին, սակայն, ինչպես հայտնել է Մալիի բանակի մի սպա, այժմ ապստամբները մտադիր են տիրել այդ քաղաքներին և անկախություն հռչակել:









