Վարչապետն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից:
«Մենք կարևորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է, և առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կդառնա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում:
Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:
Զրուցակիներն անդրադարձել են Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին և առաջիկա ծրագրերին:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Հունաստանի վարչապետի ջերմ ողջույնները:









