Րաֆֆի Հովհաննիսյանը պատրատ է քննարկման միջոցով հանել իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել, քանի դեռ դրա ժամանակը կա: « Ժամը հնչել է։ Նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, պետք է նստեն մեկ սեղանի շուրջ։ Պետք է այնպիսի համալիր մեթոդաբանությամբ առաջ գնանք, որ յուրաքանչյուր տարածքում լինի մեկ թեկանածու: Պետք է լինել հետևողական, համապարփակ և կոշտ քննարկման միջոցով հասնել արդյունքի»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանում է, որ իր և Նիկոլ Փաշինյանի նույն տեղամասում առաջադրվելը եղել է բոլորովին պատահաբար: «Ես առաջադրվեցի, չգիտեի, որ այլ ընդդիմադիր թեկնածու կար»,- ասաց նա և ավելացրեց, երբ «Ժառանգությունը» մեծամասնական ընտրատարածքներում իր թեկնածուների առաջադրումն էր որոշում, իր տարբերակում իրենք սպասում էին մինչև վերջին օրը, թե որ ընտրատարածքն է, որ մնալու է այլընտրանք:
«Ես իմ վրա վերցրեցի, այդ ընտատարածքը, Արմենուհու (իր կնոջ) տատիկի և պապիկի թաղում, Մալաթիայում»,-ասաց նա:
Կուսակցության ղեկավարը ստահոդ է համարում , թե կուսակցությունը առաջնորդվել է որոշ պատվերով: «Շատ անգամ խոսում են պատվերներից, բայց իրենք ևս պատվերի տակ են: Իմ պատվերը, եթե որևէ մեկը կասկածում է՝ գալիս է իմ խղճից, իմ հավատից և իմ սիրուց, և ուրիշ ոչ մի տեղից»,-ասաց նա՝ խնդրելով ժողովրդին բաժան-բաժան չանել՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ պատրաստ է քննարկամն միջոցով հանել իր թեկնածությունը՝ «ինչպես միշտ»:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20-ի մոտակայքում ԿԸՀ-ն հրապարակել է առաջադրումների վերջնական ցանկը և պարզ է դարձել, որ 7-րդ ընտրատարածքում առաջադրվածների թվում հայտնվել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի անունը: Իսկ մինչ այդ, այստեղ թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը առաջադրվել է 17.00-ի մոտակայքում, այսինքն` առաջադրումների ժամկետի սպառվելուց մեկ ժամ առաջ: Այդ պահին այնտեղ առաջադրված են եղել Սամվել Ալեքսանյանը ինչպես նաև անկուսակցականներ Վարդան Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը:
Նշենք նաև, որ երկու օր առաջ «Ժառանգությունը» հրապարակել էր մեծամասնական առաջադրումների իր ցանկը, և այնտեղ չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, «Ժառանգությունը» 7-րդ ընտրատարածքում որևէ առաջադրում ընդհանրապես չէր պլանավորել: Հետաքրքիր է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրմամբ է հանդես եկել, այսինքն` ոչ կուսակցության կողմից:
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ով խոստովանել է, որ իր համար անակնկալ է եղել առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: «ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, և հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից, կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:









