Ճապոնիան չի նշի ծաղկող սակուռայով հիանալու տոնը

09:50 • 23.03.12

Ճապոնիայի իշխանությունները որոշել են չնշել ծաղկող սակուռայով հիանալու տոնը, որը համընկնում է հյուսիսկորեական արբանյակի արձակման մոտավոր ամսաթվի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին:

«Ճապոնական կառավարությունը մտադիր է չնշել Տոկիոյում ապրիլի 14-ին անցկացվող ծաղկող սակուռայի փառատոնը` հիմք ընդունելով Հյուսիսային Կորեայի` արբանյակի արձակման մասին հայտարարությունը»,- լրագրողներին ասել է երկրի կառավարության քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:

Նրա խոսքով` կառավարությունը նման քայլի է գնում` «յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակի պատրաստվելու համար»:

Նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեան հայտարարել էր Երկրի արհեստական արբանյակի արձակման մասին, որը կնվիրվի հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակին: Արբանյակի արձակումը քննադատել են ՄԱԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Իր հերթին, Փհենյանը հայտարարել է, որ չի հրաժարվի իր ծրագրից, սակայն միջազգային հանրությանը վստահեցրել է, որ դա արվում է «բացառապես գիտական նպատակներով» և արբանյակի արձակմանը հրավիրել է օտարերկրացի մասնագետների: