Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում

17:26 • 23.03.12

Մարտի 21-22-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանդիպումներ է ունեցեալ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ:

Հանդիպմանը ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերի և բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նաև տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի և նույն դեպարտամենտի քաղաքականության և ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև հումանիտար ականազերծման կարողությունների զարգացման և այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: