Հովհաննես Թամամյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

18:00 • 23.03.12

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կայացրեց վճիռ, որով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման՝ պատժի սկզիբ համարելով 2011թ. մարտի 24ը:

Գործով անցնող Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի օպերատիվ գծով պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը, ովքեր մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, դատապարտվեցին 2,6 տարի պայմանական ազատազրկման և ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), և անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Վաղը կլրանա Հովհաննես Թամամյանի անազատության մեջ գտնվելու մեկ տարին: 

«Դատաքննության սկզբում ամբաստանյալները միջնորդեցին անցկացնել արագացված դատավարություն, և այսօր էլ մենք միջնորդում ենք կայացնել արդարացի դատավճիռ: Այն, որ մեղադրող դատախազը 4 տարի դատավճիռ է միջնորդում դատարանին, գտնում ենք, որ շատ խիստ է»,- այսօր դատական նիստում իր ելույթում ասել էր Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը»:

Գևորգյանը դատարանին հորդորել էր կայացնել այնպիսի վճիռ, որը չի զրկի Հովհաննես Թամամյանին ազատությունից, քանի որ Հովհաննես Թամամյանը ունի մի շարք մեղմացնող հանգամանքներ, այդ թվում մինչև 14 տարեկան անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել, նախաքննությանը ներկայացել է առաջին իսկ կանչով, տվել է ճիշտ ցուցմուքներ, նպաստել է քրաեական գործի բացահայտումը:

«Պատժի խստությամբ չէ, որ դատարանը կհասնի արդարադատությանը, իմ պաշտպանյալը արդն իսկ կրել է իր պատիժը»,- ասել էր Վաղինակ Գալստյանը: