Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին հետ:
Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ շնորհավորելով դիվանագիտական պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և, մատնանշելով հայ–եթովպիական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ:
«Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջև։ Պատրաստ ենք աջակցել մշակութային և գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջև, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր նախաձեռնությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Կասահուն Դենդեր Մելեսը, ընդգծելով դեռևս 17-րդ դարից ձևավորված հայ-եթովպիական կրոնական ու մշակութային սերտ կապերը, հույս է հայտնել, որ դրանք կզարգանան այլ ուղղություններով ևս, հատկապես հաշվի առնելով առկա գործնական կապերը:
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում են Հայաստանում կազմակերպել եթովպիական մշակույթի օրեր և ուրախ կլինի այդ համատեքստում քննարկել քույր քաղաքների ձևավորման և համագործակցության հեռանկարը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է փաստաթղթային ձևակերպում տալ հարաբերություններին և համագործակցության եզրեր գտնել նաև երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև` կարևորելով համատեղ փորձի փոխանակումը:









