«Թուլուզի հրաձիգի» ձերբակալությունը կատարյալ ձախողում էր. Secret défense

12:42 • 23.03.12

Ֆրանսիական Secret défense թերթը, անդրադառնալով «Թուլուզի հրաձիգի» ձերբակալությանը, մի շարք հարցեր է բարձրացնում` շեշտելով, որ «ինչ-որ բան այն չէր»: Մասնավորապես` Ժան Դոմինիք Մերշեն գրում է, որ Թուլուզի հրեական դպրոցում երեք աշակերտի ու մեկ ուսուցչի սպանած 24-ամյա ահաբեկիչ Մոհամեդ Մերան զոհվել է RAID ջոկատի ոստիկանների կողմից, որոնց առջև խնդիր էր դրված կենդանի վերցնել նրան ու հանձնել արդարադատությանը:

«Տեխնիկական տեսանկյունից` 32 ժամ տևած օպերացիան լիակատար ձախողում էր»,- գրում է թերթը` վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի մասնագետների:

Նրանց խոսքով` ահաբեկչի ձերբակալման համար հարկավոր էր շատ պարզ օպերացիա` անհրաժեշտ էր ընդամենը նրան բռնել, թեև նա զինված էր ու մարտական տրամադրված:

«Մանավանդ, որ նա մենակ էր ու պատանդներ չուներ»,- գրում է թերթը:

Ըստ փորձագետների` հիմնական սխալը, որ թույլ են տվել ոստիկանները, չորեքշաբթի գիշերվա ժամը երեքին ահաբեկչի տուն մուտք գործելու ընտրված մեթոդն էր:

«Նրանք դուռը կոտրելու համար օգտագործեցին երկաթյա սարք, սակայն Մերան սառնարան էր դրել դռան հետևում, ինչը նրան ժամանակ տվեց կրակ բացելու և իրավապահների առաջին գրոհի փորձը կանխելու համար: Նման դեպքերում կարիք չկար դուռը թակելու, նույնիսկ` նման սարքով», - թերթին հայտնել է մասնագետներից մեկը` հավելելով, որ կան նաև դուռը կոտրելու այլ մեթոդներ, ասենք` պայթուցիկներ:

Եվս մեկ հարց. Ինչո՞ւ փոխհրաձգությունը տևեց մոտ հինգ րոպե, երբ պետք է տևեր մեկ րոպեից ոչ ավել:

«Եվ վերջապես, նրան կարելի էր բռնել` սպասելով, երբ նա տնից դուրս կգար», - թերթին հայտնել են մասնագետները:

Ահաբեկչության դեմ պայքարի մասնագետներն «արդեն աղաղակում են» իրենց դժգոհության մասին: