Վաշինգտոնի մոտակայքում մայրուղու վրա փող է թափվել. վարորդները շտապել են հավաքել

23:17 • 23.03.12

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի մոտակայքում այսօր՝ առավոտյան, ավելի քան 30 ավտոմեքենա փակել էր N 270 մայրուղին, քանի որ ճանապարհը բառացիորեն ծածկված էր դոլարային թղթադրամներով և մետաղադրամներով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

ԱՄՆ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա փողով լի պարկերը պատահաբար ընկել էին ինկասացիոն զրահամեքենայից, այն էլ՝ առավոտյան պիկ ժամին:

Միջադեպը նկատած` այլ տրանսպորտային միջոցների վարորդները արագ արձագանքել են: Կանգնեցնելով մեքենաները՝ նրանք սկսել էին «երկնքից թափված» փողը հավաքել:

Որոշ ժամանակ անց միջադեպի վայր ժամանած ոստիկաններին մնում էր միայն տարածքը շրջափակել: Իրավապահները տեղի ԶԼՄ-ներով դիմել են վարորդներին՝ նրանց չպատկանող գումարը  վերադարձնելու կոչ անելով:

Թե ինչքան փող կար պարկերում և ինչքանն է անհետացել, դեռ չի հաղորդվում: