Հունգարացիները ցանկանում են Ուկրաինայում ինքնավարություն ստեղծել
Ուկրաինայում բնակվող հունգարացիները ցանկանում են Զակարպատիեում ազգային ինքնավարություն ստեղծել, այսօր Weekly.ua ամսագրին հայտնել է Ուկրաինայում Հունգարիայի դեսպան Միխալ Բաերը:
Դիվանագետի խոսքով` այս գաղափարը քննարկվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով հունգարա- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստում, սակայն նախաձեռնությունը պատկանում է Զակարպատիեի հունգարական կուսակցություններից մեկին, և ոչ Հունգարիայի կառավարությանը:
«Հունգարական կառավարությունը վերջին նիստում իր աջակցությունն է հայտնել բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես կգան զակարպատցի հունգարացիների օրինական քաղաքական կազմակերպությունները: Այս գաղափարը Զակարպատիեի հունգարական երկու կուսակցություններից մեկին է պատկանում: Այստեղ անջատողականության մասին ոչ մի խոսք չի գնում», - ասել է դեսպանը:
Բաերն ասել է, որ ապագա ինքնավարության` Հունգարիայի տարածքին միավորման մասին խոսակցություններն անհիմն են:
«Մենք ստորագրել ենք Հելսինկյան արձանագրությունը, որով պարտավորվել ենք հարգել Եվրոպայում առկա սահմանները: Հունգարիան առաջին երկիրն էր, որը 1991 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրեց Ուկրաինայի հետ երկկողմ բազային պայմանագիր, որտեղ ասվում է, որ մենք ոչ մի տարածքային հավակնություններ չունենք անկախ Ուկրաինայի նկատմամբ: Այդ իսկ պատճառով` հունգարական անջատողականության մասին խոսակցություններն անհիմն են», - ասել է դիվանագետը:









