«Լեքսուսը» և 2 «ԲՄՎ»-ներ բախվել են իրար. ոստիկանությունը ճշտում է վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)

22:42 • 24.03.12

 Այսօր` մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` դեպի Կիլիկիա տանող ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ 520» մակնիշի 10 ՏՕ 848, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 16 ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վթարի հետևանքով «Լեքսուսը» բախվել է հաստաբուն ծառին: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ:

Ժամնել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են բացում խցանված ճանապարհը, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիներ են հավաքվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի