Կանադահայերը ցույց են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մոտ

11:24 • 24.03.12

Հարյուրավոր կանադահայեր երեկ մասնակցել են Կանադայի հայ երիտասարդների միության կազմակերպած բողոքի ակցիային` Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան առջև: Մինչ այդ Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել էր ընդունել կանադահայ երիտասարդների կողմից դեսպան Ֆարիդ Շաֆիևին ուղարկված նամակը:

Ցուցարարները իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի դրսևորած ագրեսիայի և հայատյացության խնդրով: Նրանք կարգախոսներ են վանկարկել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի դրսևորած ագրեսիայի, Սումգայիթում և Բաքվում կատարված վայրագությունների ու ջարդերի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կազմակերպած մշակութային ցեղասպանության համար: Ցուցարարները նաև անդրադարձել են ղարաբաղյան խնդրին` հայտարարելով, որ հայերն ունեն ազատ, առանց ադրբեջանական ագրեսիայի ապրելու իրավունք:

Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ»-ը, կանադահայ երիտասարդները բողոքել են, որ ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն շարունակում է հայերի հանդեպ թշնամանքի քաղաքականությունը և ռազմական հռետորաբանությունը, ռազմական բյուջեի ավելացումն ու ԼՂՀ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման սպառնալիքները:

«UNESCO-ի մշակության ժառանգության մաս կազմող հայկական խաչքարերի կազմակերպված ոչնչացումը Նախիջևանում, ապացուցում է աշխարհին, որ Ադրբեջանն ակտիվորեն փորձում է ջնջել հայկական հիշողություններն իրենց երկրից: Ցավոք Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվեց ընդունել Կանադայի հայ երիտասարդական կազմակերպության` դեսպան Ֆարիդ Շաֆիևին ուղղված նամակը: Երկխոսության բացակայությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հանրապետությունը պատրաստակամ չէ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել», - ասել են կանադահայերը:

Կանդահայ համայնքը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը և բացառել դրա վերադարձը Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում կվտանգվի այնտեղ բնակվող հայերի կյանքը: Նրանք կոչ են արել աշխարհի պետություններին` դատապարտել Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունը, ագրեսիան և Կովկասը ապակայունացնելուն ուղղված քայլերը: