Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոց

12:11 • 24.03.12

Նախագահ Սերժ Սարգասյանն այսօր առավոտյան այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալասրանի թիվ 1 հիվանդանոցային համալիր, շրջայց կատարել վերաբացված նոր բաժանմունքներում և վերանորոգված վիրահատարաններում:

Համալիրում տեղադրված մոնիտորների միջոցով ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան հետևելու վիրահատություններին, ինչը նրանց համար կդառնա բժշկական պրակտիկա:

Նախագահին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Կրթության և գիտության՝ մասնագիտությամբ բժիշկ նախարար Արմեն Աշոտյանը, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Լրագրողների հետ զրույցում Դերենիկ Դումանյանն ասաց. «Համալասանական հիվանդանոցի վերանորոգման վրա 421 միլիոն դրամ է ծախսվել՝ ամբողջը Բժշկական համալսարանի ֆինանսներից: Հիվանդանոցն այժմ կարող է տեղավորել շուրջ 180 մարդ»:

Այս բուժհաստատատությունում բուժումների մոտ 50 տոկոսը կատարվում է պետպատվերի շրջանակներում:

Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, որ հիվանդանոցում բուժծառայությունների սակագները մատչելի են և որ վերանորոգումից հետո ևս դրանք կպահպանվեն: Ըստ նրա՝ողջ աշխարհում նման հիվանդանոցներն առավել էժան են, քանի որ բուժծառայությունները մատուցվում են բժշկական համալսարանի կողմից: