Անանի առաքելությունը հնարավոր է Սիրիայի վերջին շանսն է. Մեդվեդև
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ)` Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությունը կարող է Սիրիայի համար քաղաքացիական պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունը լինել: Այս մասին Քոֆի Անանի հետ այսօր կայացած հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը: Հնարավոր է` սա Սիրիայի համար արյունալի քաղաքացիական պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է», - ասել է ռուս նախագահը:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակի աշխատանքը «կտա իր դրական արդյունքը»:
Մինչ ՌԴ նախագահի հետ հանդիպումը, Անանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ:
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների` Սիրիայում մեկ տարի շարունակվող կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների բախումներին զոհ է դարձել 8 հազ մարդ: Այս տարվա փետրվարի սկզբին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո է դրել սիրիական հարցով երկու բանաձևերի նախագծերի վրա:









