Սիրիական Հոմսում բախումները վերսկսվել են. հաղորդվում է վիրավորների մասին
Սիրիական Հոմս քաղաքում կառավարական զորքի ու ընդդիմադիր ուժերի միջև բախումները վերսկսվել են: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, մարտերի մասին տեղեկություններ են ստացվում նաև Իդլիբից: Իշխանությունները հայտնել են, որ օպերացիայի նպատակն ահաբեկչական խմբավորումներին ճնշելն է:
Սիրիայում մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունը հայտնում է տասնյակ վիրավորների մասին:
Բախումներ են տեղի ունեցել նաև նախօրեին: Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ նախագահին հավատարիմ զորքի կողմից շաբաթ օրը սպանվել է նվազագույնը 54 ընդդիմադիր:
Երկրում արյունահեղությունները շարունակվում են` չնայած Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի գործադրած ջանքերին, ով ներկայում գտնվում է Մոսկվայում` սիրիական ճգնաժամից դուրս գալու ուղիները քննարկելու նպատակով:
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների` Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բախումներին զոհ է գնացել ավելի քան 8 հազ մարդ:









