Ադրբեջանում ու Չեչնիայում իսրայելցիներին վտանգ է սպառնում
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի` ՄԱԼԱԼ-ի ներքո գործող Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը երկրի քաղաքացիներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացմամբ է հանդես եկել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գարնանային տոների ժամանակ, որոնք կմեկնարկեն ապրիլի 6-ին Պեսահ տոնով, կա ահաբեկիչների կողմից արտերկրում գտնվող իսրայելցիների, ինչպես նաև հրեական սփյուռքի վրա հարձակումների մեծ հավանականություն:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով IzRus-ին, հատուկ ջանքեր են գործադրում Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը: Առաջնահերթ թիրախ են իսրայելցի գործարարներն ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
Հետխորհրդային տարածքում ամենավտանգավոր վայրերի ցանկում են Ադբրեջանն ու Ռուսաստանի Չեչենական հանրապետությունը: Հաղորդագրության մեջ իսրայելցիներին խորհուրդ է տրվում չայցելել Ադրբեջան` «առանց խիստ անհրաժեշտության»: Ինչ վերաբերում է Չեչնիային, ապա այստեղ խոսքը «կոնկրետ մեծ վտանգի մասին է», և խորհուրդ է տրվում «խուսափել տարատեսակ այցերից»:









