Ռոմնին պարտվել է Սանտորումին Լուիզիանայի փրայմերիզում

11:42 • 25.03.12

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հաղթել է Լուիզիանա նահանգում անցկացված փրայմերիզում` կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու նախնական ընտրություններում, հայտնում է BBC-ն:

Նախնական տվյալների համաձայն` նա ստացել է ընտրողների ձայների մոտ 39%-ը, իսկ նրա մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին` 30% քվե:

Մարտի ընթացքում Սանտորումը հաղթել է նաև Ալաբամայի ու Միսիսիպիի Հանրապետական կուսակցության «փրայմերիզում»:

Rasmussen Reports ընկերության վերջին հարցումների համաձայն` Սանտորումը` կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդների մեջ առաջինն է` ձայների 39%-ով: Ռոմնին նրան զիջում է 12%-ով:

Ըստ վերլուծաբանների` Լուիզիանայում Սանտորումի հաղթանակը մեծ նշանակություն չի ունենա նախագահական մրցապայքարում, քանի որ Միթ Ռոմնին հանրապետականների ավելի մեծ աջակցություն ունի, քան նրա մրցակիցը:

Հանրապետական կուսակցությունից նախագահի միասնական թեկնածուն կորոշվի օգոստոսի վերջին` կուսակցության համագումարում, ով աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի դեմոկրատ Բարաք Օբամայի հետ: