Օբաման այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեայի շփման գիծ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեայի շփման գիծ, որտեղ հանդիպում է ունեցել այնտեղ տեղակայված ամերիկյան զինվորականների հետ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Դուք, տղաներ, պաշտպանում եք ազատության առաջավոր սահմանները», - զինվորներին ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի այցն անցկացվում է Հյուսիսային Կորեայի կողմից «սրբազան պատերազմ» սկսելու մասին մշտապես հնչող սպառնալիքների և, որպես պատասխան, Հարավային Կորեայի կողմից անցկացվող զորավարժությունների ֆոնին:
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օբաման Հյուսիսային Կորեայի հետ սահման է այցելել Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի միջոցով Երկրի ուղեծիր արհեստական արբանյակ արձակելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:
Ինչպես նշում են փորձագետները, այս քայլով Վաշինգտոնը հասկացնել է տալիս Հյուսիսային Կորեային, որ մտադիր չէ զիջումների գնալ Փհենյանի ու Սեուլի լարված հարաբերությունների ու հյուսիսկորեական միջուկային ծրագրի հարցերում:
Եռօրյա այցի շրջանակներում, Օբաման կմասնակցի միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին, որը Սեուլում կանցկացվի մարտի 26-27-ին: Գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 50 երկրների առաջնորդներ, այդ թվում, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:









