Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրություններ են

10:00 • 25.03.12

Հարավային Օսիայում այսօր մեկնարկել են նախագահի կրկնակի ընտրությունները: Առավոտյան ժամը 8.00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք կփակվեն երեկոյան ժամը 20.00-ին: Ըստ «Գազետա.ռու»-ի` քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու ավելի քան 30.000 մարդ:

Նախագահական աթոռի համար պայքարում է 4 թեկնածու` Պետանվտանգության կոմիտեի նախկին պետ Լեոնիդ Տիբիլովը, Մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոևը, Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը երկրում անցկացված ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանը չեղյալ էր համարել` թույլ տրված խախտումների համար: Նախորդ ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն` գրեթե հավասար ձայներ էին ստացել Կրթության նախկին նախարար, ընդդիմադիր Ալլա Ջիոևան և Արտակարգ իրավիճակների նախարար, Կրեմլի թեկնածու համարվող Անատոլի Բիբիլովը: Իսկ երկրորդ փուլում հաղթել էր ընդդիմադիր թեկնածուն, սակայն հաղթանակը չեղյալ էր համարվել և խորհրդարանը նշանակել էր նախագահի կրկնակի ընտրություններ:

Ներկայիս ընտրությունների նախօրեին Ջիոևան հայտարարել է, որ չի աջակցի ոչ մի թեկնածուի, սակայն իր կողմնակիցներին կոչ է արել կատարել իրենց սահմանադրական իրավունքը և մասնակցել ընտրություններին: