Ցխինվալիին չի հետաքրքրում Թբիլիսիի կարծիքը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ
Հարավային Օսիայի քաղաքացիներին երկրում տեղի ունեցող նախագահական ընտրությունների վերաբերյալ վրացի քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեն հետաքրքրում, հաղորդում է«ՌԻԱ նովոստի» գործակալությունը` մեջբերելով հանրապետության ԿԸՀ նախագահ Բելա Պլիևայի հայտարարությունը:
Ավելի վաղ Վրաստանի որոշ քաղաքական գործիչներ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները «էթնիկ զտումների օրինականացման փորձ» էին անվանել:
Ի պատսախան այդ հայտարարությունների` Հարավային Օսիայի ԿԸՀ-ի նախագահն ասել է. «Մեզ, ինչպես առանձին անձանց, այնպես էլ ընդհանուր հասարակությանը, մեր ընտրությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի կարծիքը չի հետաքրքրում: Մենք վաղուց ենք մեր անկախ լինելու իրավունքը ապացուցել, և այսօր սեփական երկրի նախագահին ընտրող ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցում է դա: Հարավային Օսիան ձայն է տալիս և ընտրում է իր ապագան՝ անկախ նրանից, թե դա ոմանց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրություններն արդեն կայացած են, քանի որ ժամը 16.00-ի դրությամբ արդեն քվեարկել էր այդ երկրի ընտրողների 54,39 %-ը:
Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու` Պետանվտանգության կոմիտեի նախկին պետ Լեոնիդ Տիբիլովը, Մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանակոևը, Ռուսաստանում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:









