Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները կայացած են. ԿԸՀ
Ժամը 16.00-ի դրությամբ` Հարավային Օսիայում անցկացվող նախագահական կրկնակի ընտրություններում արդեն քվեարկել է ընտրողների 50.1%-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելա Պլիևան:
«Այսօրվա ընտրություններին մասնակցությունը զգալիորեն գերազանցում է նոյեմբերին անցկացված ընտրությունների ցուցանիշը: Սա խոսում է մեր բնակչության քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակի մասին », - ասել է Պլիևան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tet.am-ը, այսօր երկրում անցկացվում են նախագահի կրկնակի ընտրություններ: Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու` Պետանվտանգության կոմիտեի նախկին պետ Լեոնիդ Տիբիլովը, Մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոևը, Ռուսաստանում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները երկրի Գերագույն դատարանը չեղյալ էր համարել` թույլ տրված խախտումների համար: Նախորդ ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն` գրեթե հավասար ձայներ էին ստացել Կրթության նախկին նախարար, ընդդիմադիր Ալլա Ջիոևան և Արտակարգ իրավիճակների նախարար, Կրեմլի թեկնածու համարվող Անատոլի Բիբիլովը: Իսկ երկրորդ փուլում հաղթել էր ընդդիմադիր թեկնածուն, սակայն հաղթանակը չեղյալ էր համարվել և խորհրդարանը նշանակել էր նախագահի կրկնակի ընտրություններ:









