Ահարոն Ադիբեկյանը չի հավատում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»–ի սոցհարցմանը

10:45 • 26.03.12

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավաստի չի համարում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով վերջերս հրապարակած հետազոտությունների արդյունքները:

Ըստ այս կազմակերպության հրապարակած թվերի` գրեթե բոլոր հարթություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գերազանցում է մյուս կուսակցություններին և դաշինքներին, այդ թվում և Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Օրինակ` «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին այս կիրակի» հարցին, հարցված հայաստանցիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. ԲՀԿ՝ 41%, ՀՀԿ՝ 37%, 5-ական տոկոս Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին և 4% «Ժառանգություն» կուսակցությանը։

«Մեր տվյալներով դա այդպես չէ, որ ԲՀԿ-ն արդար ընտրությունների դեպքում կգերազանցի: Նրանք խոսում են ընդհանուր բնակչության մասին, ես խոսում եմ ակտիվ բնակչության մասին: Հնարավոր է, որ ԲՀԿ-ի համար շատերի խելքն է գնում, բայց խոսքը նրա մասին է, թե ով է արդեն կողմնորոշվել, և որ գնա ընտրությունների, ում կտա իր ձայնը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` այդ առումով ՀՀԿ-ի ընտրողներն այսօրվա վիճակով ավելի կազմակերպված են: «Կարող է քարոզարշավի ժամանակ ինչ-որ բան փոխվի, բայց որ ընտրողներ կան, որոնք պահպանողական են և փոփոխություներ չեն ուզում, հարմարված են, բիզնես ունեն, դրսից փող են ստանում, ցանկացած փոփոխություն նրանց համար վտանգ է, դա փաստ է»,- ասաց նա` այդ կերպ հիմնավորելով ՀՀԿ-ի գերազանցության պատճառը:

Սոցիոլոգը ներկայացրեց իրենց կողմից անցկացված վերջին տվյալները, ըստ որի, ընտրություներին մասնակցելու պատրաստ մարդկանց 60%-ից միայն 40-ն է արդեն որոշել, թե ում է ընտրելու։ «Քսանը (տոկոսը) տատանվում է: Այդ 40%-ի շուրջ 40%-ը հանրապետականներին է պատրաստվում իր ձայնը տալ, 35%-ը` ԲՀԿ-ին, 8-9%-ը ՀԱԿ-ն է, ՀՅԴ` 6-7%, ՕԵԿ-ն ու ժառանգությունը 5-6%»,- ասաց նա:

Ահարոն Ադիբեկյանը նաև ասաց, որ քարոզարշավին հենց այդ չկողմնորոշված հատվածն էլ կվճռի վերջնական արդյունքները։ Ըստ նրա կանխատեսման՝ ընտրություններից հետո ԱԺ-ի տեսքը հետևյալ կերպ կլինի. «Մեծամասնությունը ոչ ոք չի վերցնի, ստիպված կլինեն կոալիցիա կազմել, և այն կձևավորվի ՀՀԿ-ի շուրջ»,-ասաց նա: