Ահմադինեժադի ելույթն ամերիկացիների «սրտով» չէր. նրանք ցուցադրաբար լքել են դահլիճը
Դուշանբեում անցկացվող Աֆղանստանի տնտեսական համագործակցության տարածաշրջանային համաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը, երբ իրանցի առաջնորդն սկսել է Աֆղանստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել ՆԱՏՕ-ին ու Միացյալ Նահանգներին:
«Աֆղանցիները մշտապես հարձակման են ենթարկվում իրենց տներում: Նման իրավիճակ է նաև Պաղեստինում, Պակիստանում ու մի շարք աֆրիկյան երկրներում: Իսկ ամբողջ խնդիրը ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության մեջ է, որն ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մտել է Աֆղանստան, իսկ հիմա նման կարգախոսով շրջապատում է նաև Ռուսաստանին ու Չինաստանին», - ասել է Ահմադինեժադը:
Ելույթի կեսից ամերիկյան պատվիրակությունը` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքի գլխավորությամբ, ցուցադրաբար լքել է դահլիճը և վերադարձել միայն այն ժամանակ, երբ Իրանի նախագահն ավարտել է ելույթը:
Ահմադինեժադն իր ելույթի ժամանակ նաև ասել է, որ Աֆղանստանում նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն վարում է սխալ քաղաքականություն:
«ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն պետք է փոխվեն, քանի որ անցել է այն ժամանակը, երբ նրանք էին աշխարհին թելադրում իրենց պայմանները: Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ նման քաղաքականությունը միայն ի վնաս է իրենց, և նրանք դրա համար կպատժվեն», - ասել է Իրանի նախագահը:
Նա նաև Աֆղանստանում իրավիճակի կայունացման իր մոդելն է առաջարկել. «Նրանք (ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն) պետք է լքեն այդ երկիրը: Մենք վստահ ենք, որ նրանց հեռացմամբ կլուծվի նաև թմրանյութերի խնդիրը»:
Աֆղանստանում օտարերկրացի զինծառայողների կողմից պատասխանատվության հանձնումն աֆղանական անվտանգության ուժերին պետք է ամբողջությամբ ավարտվի 2014 թվականի վերջին:









