Բնապահպանության նախարարն արձագանքել է Աջափնյակում ծառահատման ահազանգին
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն արձագանքել է Աջափնյակ համայնքի 15 թաղամասի թիվ 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում երեկ գիշերվա ընթացքում 10 ծառերի հատման մասին ստացված ահազանգին:
ՀՀ Բնապահպանության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը Tert.am-ին ասաց, որ նախարարը Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել խնդիրը:
Ըստ մամուլի քարտուղարի՝ այս պահին բնապահպանական խումբն ուսումնասիրում է ահազանգը, որպեսզի որոշի հատված ծառերի քանակը և բնությանը հասցված վնասը, որի մասին նախարարությունը կհայտնի առաջիկայում:
Նշենք, որ երեկ տեղի բնակիչներից մեկը տեսագրել էր հատված ծառերը և, տարածելով տեսանյութը, նշել, որ արդեն «նախկին» մանկապարտեզի տարածքը պատկանում է ոմն գնդապետի, որն սկսել է իրացնել նաև կանաչապատ տարածքները:









