Կենսաթոշակային բարեփոխումներ. Երևանում մեկնարկել է երկօրյա սեմինար
Եվրահանձնաժողովի TAIEX օժանդակության գործիքի շրջանակներում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը և Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը կազմակերպել են Սոցիալական ապահովության կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ միջազգային երկօրյա սենմինար-խորհրդակցություն:
Այսօր սեմինարի բացմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ նման քննարկումները ևս մեկ հնարավորություն են՝ վերլուծելու հայկական փորձը և այն համադրելու միջազգային փորձի հետ: Նա ընդգծեց, որ առանձնակի ուշադրության է արժանի Եվրամիության երկրների փորձը:
Նախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին Հայաստանում կենսաթոշակային համակարգի ֆինանսավորումը չկրճատվեց:
Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ով նախ ողջունեց հանդիպման կազմակերպման գաղափարը, ապա, խսելով սեմինարի թեմայի մասին, ասաց, որ սոցիալական ապահովության բարեփոխումներն ամբողջ աշխարհում արդիական խնդիր են դարձել։
«Սոցապ բարեփոխումներն ամբողջ աշխարհում ակտուալ խնդիր են և ԵՄ-ն որոշեց օգնել Հայաստանին, որտեղ եվրոպական փորձից սովորելու կարիք կա` կայուն և երկարատև կենսաթոշակներ տրամադրելու համար»,- նշեց պատվիրակության ղեկավարը:
«Այս երկու օրվա ընթացքում կկարողանաք ստանալ լավագույն փորձը ԵՄ-ից` Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Հունգարիայից: Սա կհարստացնի ձեզ և կօգնի արագացնել կենսաթոշակային ռեֆորմի իրականացումը Հայաստանում»,- ավելացրեց Տրայան Հրիստեան:
Սոցիալական ապահովության պաշտպանության ծառայության ղեկավար Արտեմ Ասատրյանը ևս կարևորեց միջազգային փորձի փոխանակումը` նշելով, որ առանց համապատասխան փորձի և գիտելիքի հնարավոր չէ բարեփախումներ իրականցնել:









