Ոստիկանությունը պարզել է խոշոր ավտովթարին մասնակից վարորդների և վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը պարզել է մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր անձանց ինքնությունը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Տոյոտա հարիեր» մակնիշի 16ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենան վարել է «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 45-ամյա Տիգրան Զորյանը, «ԲՄՎ» մակնիշի 10 ՏՕ 848 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է եղել 33-ամյա Արման Հովհաննիսյանը, իսկ «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է եղել 19-ամյա Նարեկ Պետրոսյանը:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Նարեկ Պետրոսյանը, նրա ուղևորներ` 20-ամյա Գոռ Գասպարյանը, 21-ամյա Զավեն Բարսեղյանը, 20-ամյա Գևորգ Բարսեղյանը, ինչպես նաև Տիգրան Զորյանն ու նրա ուղևորուհի` 47 Մարիամ Խոջոյանը, ով աշխատում է «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ-ում որպես աուդիտոր:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` դեպի Կիլիկիա տանող ճանապարհին իրար էին բախվել «ԲՄՎ 520» մակնիշի 10 ՏՕ 848, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 16 ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Վթարի հետևանքով «Լեքսուսը» բախվել է հաստաբուն ծառին: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ:
Ժամանել էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի






























