Էրդողանն ու Օբաման խոսել են Ցեղասպանությունից և ԼՂ հակամարտությունից

10:40 • 26.03.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օմաբայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երեկ տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Օբամային հիշեցրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է չի կարողանում լուծել: Եվ քանի որ այս հարցը փակուղի է մտել, խորհուրդ տվեցի, որ մենք մենք ադրբեջանցիների հետ խոսենք, իսկ Մինսկի խմբի երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, Հայաստանին փորձեք համոզել, որ այս խնդիրը լուծենք», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Էրդողանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, Էրդողանը Օմաբային է ներկայացրել իրենց դժգոհությունը Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևի մասին:

«Օբամային ասել եմ` որ մենք հոգնել ենք: Ամեն ապրիլին նույն խնդիրն է առաջանում, հանրապետականներն են գալիս` նույն հարցն է, դեմոկրատներն են գալիս` նույն հարցն է: Ես ցույց տվեցի նաև մեր կատարած քայլերը, Ախթամարի եկեղեցու օրինակը ցույց տվեցի», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը Օբամային կոչ է արել սենատորներին, խորհրդարանականներին և քաղաքական գործիչներին «պատմաբանների տեղ չդնել»:

Հիշեցնենք, որ Օբամա-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ` Հարավային Կորեայում ատոմային անվտանգությանը նվիրված համաժողովի ընթացքում: Մոտ մեկուկես ժամ տևած քննարկման առանցքում եղել են սիրիական զարգացումները: