Աշխատատեղ` Facebook-ի գաղտնաբառի դիմաց

12:39 • 26.03.12

Միացյալ Նահանգներում տարածում է գտել այն պրակտիկան, երբ գործատուներն աշխատանք փնտրողների հետ հարցազրույցների ընթացքում հաճախ խնդրում են նրանց ներկայացնել սոցցանցերում իրենց գրանցման անուններն ու գաղտնաբառերը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ Չարլզ Շումերն ու Ռիչարդ Բլումենտալն իրենց վրդովմունքն են արտահայտել երևույթի կապակցությամբ և պահանջում են հետաքննություն անցկացնել` պարզելու համար` գործատուների այս քայլը խախտում է դաշնային օրենքը, թե ոչ:

Սենատորներն արդեն համապատասխան նամակներն ուղարկել են Արդարադատության նախարարություն և Զբաղվածության հավասար հնարավորությունների ապահովման հանձնաժողով: Սենատորների կարծիքով` գործատուների այս քայլը կարող է խախտել կապի և հեռահաղորդակցության մասին օրենքը: Բացի այդ, նրանք համապատասխան օրինագիծ են մշակում, որը պետք է կարգավորի նման իրավիճակները:

«Մեր դարաշրջանում, երբ համացանցում առավել շատ անձնական տեղեկություններ են հայտնվում մեր մասին, անհրաժեշտ է մարդկանց հնարավորություն տալ անձամբ որոշելու` տեղեկությունների որ մասը հրապարակել, իսկ որ մասը պաշտպանել հավանական գործատուներից», - ասել է Չարլզ Շումերը:

Facebook-ն արդեն անցյալ ուրբաթ նախազգուշացրել է գործատուներին, որ նրանց կարող են դատական հայցեր սպառնալ, քանի որ նրանց այդ քայլը խախտում է Facebook-ի ներքին քաղաքականությունը, համաձայն որի` օգտատերը չպետք է իր գաղտնաբառը ներկայացնի երրորդ անձի:

Բացի այդ, եթե թեկնածուն ազգային փոքրամասնության է պատկանում, և գործատուն նրան մերժում է` սոցցանցում նրա անձնական էջի տեղեկությունների հիման վրա, ապա գործատուին կարող է սպառնալ խտրականության հոդվածով հայց: