Նյու Դելիում տիբեթցին ինքնահրկիզվել է ի նշան Չինաստանի նախագահի դեմ բողոքի
Ավելի քան 600 ցուցարար «Տիբեթն այրվում է», «Տիբեթը Չինաստանի մասը չէ» պաստառներով և դրոշակներով ցույցի են դուրս եկել Հնդկաստանի խորհրդարանի շենքի մոտ: Նրանց նպատակը` այս շաբաթ սպասվող Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի` Նյու Դելի այցի դեմ բողոքն է եղել, տեղեկացնում է The Guardian-ը:
Ցույցի ընթացքում տիբեթցիներից մեկը ինքնահրկիզվել է և «կրակներով պատված» մոտ 50 մետր վազել Հնդկաստանի Խորհրդարանի շենքի ուղղությամբ:
Ցուցարարները տեսնելով այրվողին `փորձել են մարել կրակը, իսկ տուժածին հիվանդանոց տեղափոխել: Ցուցարարներից մեկի խոսքերով նման դեպքերը շարունակվելու են մինչ Չինաստանը ճանաչի Տիբեթի անկախությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում Տիբեթում ավելի քան 30 մարդ է ինքնահրկիզվել ի նշան Չինաստանի կառավարության դեմ բողոքի:









