Ամերիկացի հետախույզները թմրանյութերի գաղտնի փորձարկումներ են արել ամերիկացիների վրա
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայությունը 1953-1964 թվականներին հարյուրավոր անտեղյակ ամերիկացիների վրա LSD քիմիական թմրանյութերի փորձարկումներ է իրականացրել, գրում է Time-ը` վկայակոչելով SF Weekly շաբաթաթերթին, որտեղ հրապարակվել են ամերիկյան հետախուզության վերջերս գաղտնազերծված փաատաթղթերը:
Դաշնային մակարդակով օպերացիան կոչվել է MK-ULTRA, իսկ Սան Ֆրանցիսկոյում ԿՀԾ տարածաշրջանային բաժանմունքը փորձարկումներ է անցկացրել «Կեսգիշերային օրգազմ գործողություն» ծածկանվան ներքո: Ինչպես տեղեկացնում է լրագրողուհի Մայա Սալավիցը, գործակալներն «առանց մարդկանց գիտության` նրանց ներարկում էին թմրամիջոցները, որից հետո սկսում հետևել` առանց միջամտելու»: Իսկ դա կատարվում էր այսպես` բարերում ու ռեստորաններում գործակալները թմրամիջոցը լցնում էին խմիչքների մեջ: Երբեմն դա անում էին վարձված մարմնավաճառները:
Միևնույն ժամանակ, իշխանությունների պաշտոնական հայտարարություններում նշվում էր այդ նյութի «չափազանց վտանգավոր լինելու մասին»:
Ի դեպ, SF Weekly-ն ներկայացրել է «տուժածներից» մեկի վկայությունը: 1957թ. դաշնային մարշալի օգնական Ուեյն Ռիչին թմրանյութի ազդեցության տակ զինված կողոպուտ է իրականացրել Սան Ֆրանցիսկոյի մի բարում: Ենթադրվում է, որ LSD-ն նրա բաժակի մեջ լցրել են աշխատավայրում ամանորյա երեկույթի ժամանակ:
«Եվ հանկարծ սենյակը սկսեց պտտվել», - պատմել է նա` հավելելով, որ իր ջերմությունը բարձրացել է, և նա, ներողություն խնդրելով ներկաներից, լքել է, բարձրացել իր աշխատասենյակ, որտեղ մեկ բաժակ ջուր է խմել: Նրան պատել է այնպիսի անհանգստություն ու տագնապ, որ իրենից ուզում են ազատվել և որոշել է պատասխան հարված տալ:
«Նրանք ցանկանում են ինձնից ազատվել: Ուրեմն ես նրանց կօգնեմ: Կվերցնեմ աշխատասենյակիցս զենքն ու կկողոպտեմ բարը»: Արդյունքում` նրան բախտը ժպտացել է և նա խուսափել է ազատազրկումից` վճարելով միայն տուգանքը:
Թե ինչ է իր հետ կատարվել, նա իմացել է միայն 1999 թվականին` ընթերցելով ամերիկացի քիմիկոս Սիդնի Գոթլիբի մահախոսականը, որտեղ հիշատակվել է նրա ծանոթներից մեկի մասին, ով աշխատել է թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունում: Ինչպես պարզվել է, Ռիչիի ծանոթը մասնակցել է LSD-ի փորձարկումներին:









