Նիկոլ Փաշինյանը պահանջում է ներկայացնել Սամվել Ալեքսանյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու պատճառները
«Հայկական ժամանակ» օրաթերթի» խմբագիր, համամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հասցեագրել է նամակ–գրություն և պահանջել, որպեսզի ներկայացվի պատգամավոր Սամվել Ալեքսայնանի՝ ԱԺ նիստերից բոլոր բացակայությունների պատճառները։
«Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման նիստերի կեսից ավելիին բացակայել է և առնվազն տասը անգամ պետք է զրկվեր մանդատից բայց դա չի եղել։ Եթե չի զրկվել ուրեմն անաշխատունակ է եղել և դրա համար թուղթ է ներկայացրել: Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ ներկայացնել անհարգելի բացակայությունների բոլոր պատճառները»,– Փաշինյան ներկայացրեց իր նամակի բովանդակությունը։
Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում։
«Օրենքով նախատեսվածից ավելի բացակայող բոլոր պատգամավորների դեպքում պետք է հանրությունը տեղյակ լինի պատճառների մասին: Եթե այդ անձինք ունեն խրոնիկ հիվանդություն ապա հանրությունը պետք է տեղյակ լինի, որ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները ԱԺ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում գտնվողը թող հրապարակի թե՛ հարգելի, թե՛ անհարգելի բոլոր բացակայությունների պատճառները:
Փաշինյանը ահարգալի վերաբերմունք համարեց ՀՀ-ի նկատմամբ Հայաստանի հանրապետական կուսակցության այն քայլը, որով իր համամասնական ցուցակում ընդգրկել է ներկայիս այնպիսի պատգամավորների, ովքեր «երբևէ ելույթ չեն ունեցել և որևէ հարց չեն բարձրացրել»:
«Խոսքը հատկապես թիվ 7-ի թեկնածու Սամվել Ալեքսանյանի և թիվ 1-ի Ռուբեն Հայրապետյանի մասին է: Ինչպես նաև Հարություն Փամբուկյանի, ով վերջին տարիներին չի բնակվել Հայաստանում: Սա վառ ապացույց է նրա, որ ցույց է տալիս ՀՀ-ի իշխող կուսակցությունն ինչպիսի պլաններ ունի»,- ասաց Փաշինյանը:









