Առայժմ գրանցվել է դիտորդական առաքելություն իրականացնող մեկ միջազգային կազմակերպություն
2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից այս պահին գրանցվել է միայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ):
Գրասենյակը ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնի իր 39 դիտորդներով:
Տեղական հասարակական կազմակերպություններից դեռևս 12-ն են դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն հայտնել: ԿԸՀ-ն հրապարակել է դրանց ամբողջական ցանկը, ըստ որի, այս պահին ընտրություններին ամենաշատ դիտորդներով ներկայացված կլինի «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն՝ իր 3334 դիտորդով, իսկ ամենաքիչը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ն է՝ ընդամենը 5 դիտորդ:
Մյուս 10 ՀԿ-ներն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝ 27 դիտորդ, «Բռունցք» ՀԿ՝ 1196 դիտորդ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՝ 1159 դիտորդ, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» ՝ 1028 դիտորդ, «Երիտասարդ դիվանագետների ակումբ»՝ 819 դիտորդ, «Իրավակիրթ հասարակություն»՝ 585 դիտորդ, «Հիմնաքար»` 884 դիտորդ, «Հաղթանակի զավակներ»` 913 դիտորդ, «Շենացնենք մեր գյուղը»` 895 դիտորդ, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության»` 71 դիտորդ:
Հիշեցնենք, ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչև ապրիլի 26-ը ներառյալ:









