Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին բանավեճի է հրավիրում

15:37 • 26.03.12

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է հրավիրում նույն ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնականով առաջադրված Սամվել Ալեքսանյանին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշոինյանն ասաց, որ որոշումը կայացրել՝ հաշվի առնելով ընտրատարածքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը:

«ՀՀ-ի հեռուստատեսություններին կոչ եմ անում կազմակեևրպել ցանկացած ֆորմատով հաղորդում, որտեղ երկուսս դեմ առ դեմ խոսենք: Հավաստիացնում եմ, որ այն կապահովի բարձր դիտողականություն և հեռուստատեսության վարկանիշի բարձրացում»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հորդորը, որ բիզնեսն ու քաղաքականույունը պետք է տարանջատել:

«Հիմա Սամվել Ալեքսանյանը, որ հայտնի է Լֆիկ Սամո անունով, հայտնվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում և նույն կուսակցության կողմից առաջադրվել է մեծամասնական ընտրատարածքում (նկատի ունի ընտրակարգ– Tert.am): ՀՀԿ-ն ասում է, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ: Եթե նա բիզնեսմեն չէ, ուրեմն քաղաքական գործիչ է: Եկեք բանավեճ կազմակերպենք և տեսնենք, թե էդ ինչպիսի քաղաքական գործիչ է նա և քաղաքական ինչ թիմով է Սերժ Սարգսյանը հանդես գալիս խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ հեռուստաբանավեճի շնորհիվ պարզ կդառնա թե Սերժ Սարգսյանը քաղաքական ինչպիսի դեմքերով է ուզում կառավարել երկիրը:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ սպասվում է բուռն և հետաքրքիր ընտրարշավ: